Episodes
Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի էպիզոդներից մեկն էլ մի օր կարող է լինել հենց քո մասին։
Published 11/04/24
«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։
Published 09/27/24
Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։
Published 09/26/24
Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։
Published 09/11/24
Սպանություններ, կասկածներ լրտեսության մասին․ էպիզոդը պատմում է նորաձեւության ոլորտի ամենահնչեղ անուններից երեքի՝ Ջիաննի Վերսաչեի, Մաուրիցիո Գուչիի եւ Կոկո Շանելի պատմությունները։
Published 08/27/24
«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։
Published 08/25/24
«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։
Published 08/18/24
Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։
Published 07/31/24
«Ես ատում եմ քո քայլելը, ես ատում եմ քո խոսելը, ատում եմ քո հագնվելը և շատ ավելին»․ եթե լսել եք այս տողերը, ապա հաստատ գոնե մի քիչ տեղյակ եք հիփ հոփ արտիստներ Քենդրիք Լամարի ու Դրեյքի հակամարտությունից։ Էպիզոդում փորձում ենք պարզել, թե որտեղից է ամեն ինչ սկսել ու ինչ է Լամարն այդքան ատում կանադացի ռեփերին։
Published 07/25/24
Երբեմն մեր սիրած արտիստներին այնքան շատ ենք երկրպագում, ոմանց նույնիսկ աստվածացնում, որ ստիպված ենք լինում ժխտել կամ նույնիսկ մոռացության տալ նրանց հետ կապված մի շարք վատ պատմություններ։ Էպիզոդը նվիրել ենք հայտնիների հանցանքներին ու կասկածելի արարքներին, որոնք չգիտես ինչու և ինչպես, մոռացվել են ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ օրենքի կողմից։
Published 07/17/24
2000-ականների մասին էպիզոդն այնքան էիք սիրել, որ խոստացանք ու ձայնագրեցինք 2-րդ մասը։ Խոսել ենք ինչպես մինչ օրս հայտնի ու սիրված, այնպես էլ ասպարեզից հեռացած արտիստների, շոուների, սկանդալների ու առհասարակ այն ամենի մասին, ինչ կարոտում ենք։
Published 07/10/24
«Դու փոխարինեցիր Ռոլեքսը Կասիոյով»,– 2022–ին նախկին զուգընկերոջը՝ Ժերար Պիկեին, ուղղված սինգլում երգեց Շակիրան ու ամբողջ աշխարհին պատմեց նրա դավաճանության մասին։ Զույգի ծանոթության, հարաբերությունների, 11–ամյա համատեղ կյանքի ու աղմկահարույց բաժանման մասին բոլոր մանրամասները լսեք էպիզոդում։
Published 07/04/24
Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝
1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ,
2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։
Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմանություններ ունեցող աշխարհները հատվում են․ սովորաբար դա վերածվում է սկանդալի։ Էպիզոդը նվիրված...
Published 06/26/24
Պարզվում է՝ կինոյի պատմության ամենաայքոնիկ շիկահերն իրականում շիկահեր չէր, սա էլ դեռ բավական չէ, ֆիլմերից մեզ անընդհատ ժպտացող Մերիլինն իրականում այնքան էլ երջանիկ չէր։
Էպիզոդը նվիրված է Հոլիվուդի պատմության ամենաքննարկված, ամենասիրված ու ամենաչսիրված դերասանուհուն։
Published 06/11/24
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։
Published 06/06/24
«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։
Published 05/29/24
Էպիզոդը նվիրված է 3 արտիստի, որոնք ինչ–որ առումով անմոռանալի են դարձրել մեր մանկությունը ու գուցե հենց այդ պատճառով զրկվել են սեփական մանկությունից։ Ինչու՞ է հոլիվուդն այդքան դաժան ու ի՞նչ տեղի ունեցավ Մաքքալեյ Քալկինի, Լինդսի Լոհանի ու Ամանդա Բայնսի հետ։
Published 05/22/24
Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։
Published 05/14/24
Եթե համացանցում արդեն հասցրել ես
հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։
Published 05/07/24
Իր առաջին երգը նա գրել է 4 տարեկանում, 13–ում թողարկել է առաջին հիթը, իսկ 16–ում արդեն համաշխարհային մեծության աստղ էր։ Էպիզոդը նվիրված է փոփի եվս մեկ ֆենոմենի՝ Բիլլի Այլիշին։ Ի դեպ, այս անգամ փոդքասթն ունի անակնկալ հյուր։
Published 05/01/24
4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի...
Published 04/25/24
Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։
Published 04/17/24
Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։
Published 04/09/24
Էյմի Վայնհաուս, Կուրտ Քոբեյն, Ջիմի Հենդրիքս, Բրայան Ջոնս, Ջիմ Մորիսոն, Ջենիս Ջոփլին... այս մարդկանց միավորում է ոչ միայն հայտնի ու նույնիսկ լեգենդար արտիստ լինելը. նրանք բոլորը մահացել են 27 տարեկանում։ Հենց այս տարիքում մահացել է ավելի քան 1000 ռոք արտիստ։ էպիզոդում խոսում ենք այսպես կոչված 27 ակումբի ու այս թվի շուրջ պտտվող միստիկ ու առեղծվածային թեորիաների մասին։
Published 04/02/24